Մովսես (նաև՝ Մովսես մարգարե (եբր.՝ משֶׁה, Մոշե, «ջրից վերցված (փրկված)»; (մ. թ. ա. XIII՞ դար), ըստ Հին Կտակարանի Հնգամատյանի գրքերի՝ հրեական մարգարե և օրենսդիր, հուդայականության հիմնադիր, հրեական ցեղերը մեկ ազգի համախմբած առաջնորդ։ Հանել է Իսրայելի ցեղերին Եգիպտոսից, որտեղ նրանք ստրկության մեջ էին։ Տեր Աստվածը Սինայ լեռան վրա Մովսեսին հաղորդել է իր օրենքները՝ հաստատելով Իր և Իսրայելի միջև ուխտ-դաշինք (այդ Ուխտի մի մասն է Տասնաբանյան)։ Քրիստոնեության մեջ նա համարվում է Հին Ուխտի մեծագույն մարգարե։ Հրեական և քրիստոնյա ավանդությունը նրան է վերագրում Աստվածաշնչի առաջին հինգ գրքերի՝ Հնգամատյանի կազմումը (այդ պատճառով դրանք նաև կոչվում են Մովսեսի գրքեր)։ Հին Կտակարանի Երկրորդ Օրենք գրքում Մովսեսը բնութագրվում է հետևյալ կերպ. «Իսրայէլում այլեւս Մովսէսի նման մարգարէ չելաւ։ Նա մի մարդ էր, որին Տէրը երես առ երես ճանաչեց։ Եգիպտացիների երկրում փարաւոնի, նրա պաշտօնեաների հանդէպ կատարուող Տիրոջ առաքած բոլոր նշաններն ու զարմանահրաշ գործերը, նրա ամբողջ երկրի հանդէպ եղած մեծամեծ նշանները Մովսէսը իսրայէլացիների առջեւ կատարում էր ամուր ձեռքով եւ հզօր բազուկով»։
Քանի որ հրեաները Եգիպտոսում շատացել էին, եգիպտացիների փարավոն Ռամզեսը վախենալով նրանց հզորացումից, հրամայում է սպանել և գետը նետել բոլոր նորածիններին։ Մովսեսի մայրը մի զամբյուղ է պատրաստում, Մովսեսին դնում դրա մեջ և գցում գետը։ Զամբյուղը գտնում է փարավոնի դուստրը, ով էլ մանուկին անվանակոչում է Մովսես (ջրից փրկված)։ Փարավոնի դուստրը Մովսեսին հանձնում է նրա մորը կրծքի կաթով կերակրելու համար՝ չիմանալով անգամ, որ հենց նա է Մովսեսի մայրը։ Մովսեսը մեծանում է եգիպտական արքունիքում՝ իմանալով, որ ինքը հրեա է (Ելից 1:15-22, 2:1-11)։
Մովսեսը մի անգամ տեսնում է, թե ինչպես է եգիպտացի զինվորը ծեծում հրեա ստրուկներից մեկին։ Նա սպանում է զինվորին, գաղտնի թաղում և գիշերով փախչում Եգիպտոսից։ Նա գնում է Մադիամի երկիրը, բնակվում է քուրմ Հոթորի տանը, ամուսնանում է նրա յոթ աղջիկներից Սեփորայի հետ, ունենում է երկու որդի՝ Գիրսամը և Եղիազարը։ (Ելից 2:11-25)։
Մադիամի երկրում Մովսեսն իր աներոջ՝ Հոթորի հոտն էր արածեցնում։ Մի անգամ նա անապատում հոտը հեռու քշեց ու հասավ Աստծո լեռան՝ Քորեբի(Սինա) մոտ։ Եվ Տիրոջ հրեշտակը կրակի բոցով վառվող մորենու թփի միջից երևաց։ Մովսեսը տեսավ, որ մորենու թուփն այրվում է, բայց չի մոխրանում։ Մովսեսն ասաց. «Հիմա գնամ ու այս մեծ տեսարանը տեսնեմ, թե ինչու՞ մորենու թուփը չի այրվում»։ Տերը մորենու թփի միջից խոսեց Մովսեսի հետ ու ասաց. «Մովսե՛ս, Մովսե՛ս»։ Մովսեսն ասաց. «Այստեղ եմ»։ Եվ Նա ասաց. «Մի՛ մոտեցիր այստեղ։ Ոտքերիդ կոշիկները հանի՛ր, քանի որ այն հողը, որի վրա կանգնած ես, սուրբ է...»։ Ապա ասաց. «Ես եմ քո հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը, Հակոբի Աստվածը»։ Մովսեսը ծածկեց իր դեմքը, որովհետև վախենում էր նայել Աստծուն։ Տերը մորենու թփի միջից ասաց. «Ես տեսա իմ ժողովրդի տառապանքը Եգիպտոսում ու վերակացուների պատճառով նրանց բարձրացրած աղաղակը լսեցի։ Ես գիտեմ նրա վշտերն ու գալիս եմ նրան փրկելու եգիպտացիների ձեռքից և դուրս բերելու նրան այդ երկրից ու հաստատելու ավելի լավ ու ավելի ընդարձակ երկրում, որտեղ կաթ ու մեղր է հոսում... Ահա Իսրայելի որդիների աղաղակն Ինձ հասավ, ու տեսնում եմ այն, ինչ պատճառում են եգիպտացիները։ Ուրեմն գնա՛, Ես քեզ փարավոնի մոտ եմ ուղարկում» (Ելից 3:1-13)։ Մովսեսը վախենում էր փարավոնի մոտ գնալ ու պատասխանեց. «Ով ՏԵր իմ, ես դժվարությամբ եմ խոսում և ծանրալեզու ու ծանրախոս եմ ... ուղարկիր մեկ ուրիշին, ում ուզում ես» (Ելից4:10-15)։
Տերը, ցույց տալով Մովսեսին նրա Ահարոն եղբորն, ասաց. «Ղևտացի Ահարոնը քո եղբայրը չէ՞։ Գիտեմ, որ նա ճարտարախոս է ... Ես կլինեմ քո շուրթերի և նրա շուրթերի հետ ու ձեզ կսովորեցնեմ, թե ինչ պետք է անեք, և Ահարոնը քո փոխարեն ժողովրդի հետ կխոսի»։
Մովսեսը վերցնելով իր կնոջն ու երեխաներին, ճանապարհ ընկավ եգիպտոս։ Եգիպտոսում Ահարոնը դիմավորեց Մովսեսին։ Մովսեսն Ահարոնին պատմեց իրեն ուղարկող Տիրոջ բոլոր խոսքերի ու նշանների մասին։ Նրանք երկուսով հավաքեցին Իսրայելի ծերերին ու Տիրոջ Խոսքերը հայտնեցին նաև նրանց։
Ապա Մովսեսն ու Ահարոնը գնացին փարավոնի մոտ ու ասացին. «Իսրայելցիների Տեր Աստվածն ասում է, որ բաց թողնես Իր ժողովրդին»։ Փարավոնն ասաց. «Ո՞վ է տերը, որ ես, Նրա ձայնին հնազանդվելով, թույլ տամ Իսրայելին գնալ»։ Այսպես փարավոնը արհամարեց նրանց, անարգեց Տեր Աստծուն ու չուզեց ազատել Իսրայելի ժողովրդին։ Եվ փարավոնն սկսեց ավելի դաժանորեն վարվել իսրայելցիների հետ ու վերակացուներին հրահանգեց, որ ավելի դժվարացնեն հրեաների աշխատանքը։ Մովսեսն աղոթեց Աստծուն այս ամենի համար, ու Տեր Աստված ասաց Մովսեսին. «Հիմա կտեսնես, թե փարավոնին ի՛նչ եմ անելու, որ հզոր ձեռքով դուրս կանի իր երկրից։ Ու Ես ձեզ կտանեմ այն երկիրը, որ խոստացել էի Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, ու կտամ ձեզ որպես ժառանգություն (Ելից 4-6 գլուխներ)։
Փարավոնը չէր ուզում ազատել Աստծու ժողովրդին։ Տերը սկզբում ինը սարսափելի պատիժներ ուղարկեց Եգիպտոսի վրա։
Информация по комментариям в разработке