Հովնան մարգարե։ Աստծո ողորմածությունը։

Описание к видео Հովնան մարգարե։ Աստծո ողորմածությունը։

Կարդաց` Արման Ժորայի Բալյանը։

Հովնանը առաջին հրեա մարգարեն էր, որին Աստված ուղարկեց հեթանոսական երկիր՝ Ասորեստանի Նինվե քաղաքը և պատվիրեց զգուշացնել անհավատ նինվեացիներին՝ հետ կանգնելու իրենց մեղքերից: Այս մասին պատմվում է Հովնանի անունը կրող մարգարեական գրքում: Այն սքանչելի լեզվով գրված բազմախորհուրդ գիրք է և աստվածաշնչյան ամենահայտնի պատմություններից մեկը: Հովնան մարգարեն փորձեց չհնազանդվել Աստծուն և փախուստի դիմեց: Նա Թարսիս գնացող նավ նստեց, որ Նինվեի հակառակ ուղղությամբ էր: Ճանապարհին փոթորիկ բարձրացավ, և Հովնանը հասկացավ, որ դա Աստծուց փախչելու հետևանքով էր: Նավաստիներին ասաց, որ իրեն ծովը նետեն, որից հետո փոթորիկը հանդարտվեց: Աստված փրկեց նրան ծովի ալեկոծությունից՝ խոշոր կետ ձկան փորում պահելով: Հայտնվելով ձկան փորում՝ նա զղջում ապրեց իր արածի համար և գոհություն հայտնեց Տիրոջը՝ իրեն փրկելու համար: Երեք օր հետո, Աստծո հրամանով, ձուկը Հովնանին ծովափ նետեց: Աստված մարգարեին երկրորդ հնարավորությունը տվեց. նորից պատվիրեց գնալ Նինվե: Այս անգամ Հովնանը հնազանդվեց: Նրա քարոզչության շնորհիվ Նինվեի բնակիչներն ապաշխարեցին: Բոլորը՝ սկսած թագավորից, ծոմ պահեցին և աղոթեցին Աստծուն, և Աստված գթասրտություն ցուցաբերեց նրանց նկատմամբ: Հովնանը զայրացավ, որ Աստված ներեց Իսրայելի հակառակորդին: Ուստի Աստված գթասրտության դաս տվեց նրան. այրող արևի տակ նստած՝ նա նայում էր քաղաքին: Աստված մի բույս աճեցրեց, որն իր ստվերի տակ առավ Հովնանին և նրան պաշտպանեց շոգից: Բայց հաջորդ օրը Աստված մի որդ ուղարկեց, որը կերավ բույսը, և այն չորացավ: Արևելյան այրող քամի փչեց, և Հովնանը, որ հովանի չուներ, խիստ սրտնեղեց: Աստված հարցրեց, թե արդյոք նա շատ է տխրել բույսի համար: Հովնանը պատասխանեց. «Մահու չափ տխրել եմ»: Աստված սրանով հետևյալն է ուսուցանում. եթե Հովնանին այդքան հուզում է մի բույսի կյանքը, այն դեպքում, երբ նա որևէ կերպ մասնակից չի եղել նրա աճեցմանը, ապա որքան ավելի է Աստված կարեկցում Նինվեի տղամարդկանց, կանանց ու երեխաներին, «որոնք իրենց լավն ու վատը չիմացան»:
Հովնանի այս պատմությունն արտահայտում է մի քանի էական ճշմարտություններ. այն Աստծո գթասրտության վկայությունն է, Աստված Իր սերը չի վերապահում միայն իսրայելացիներին, այլ նաև՝ օտարներին: Նա գթություն է ցուցաբերում նինվեացիների նկատմամբ: Նա Հովնանին դարձի գալու երկրորդ հնարավորությունն է տալիս: Նա ոչ միայն կարեկցում է Իր ծառային, այլև փորձում է նրան սովորեցնել նման վերաբերմունք ունենալ մյուսների նկատմամբ: Աստված բացարձակ Տերն է արարչագործության, մասնավորապես կյանքի ու մահվան, և մարգարեն իրավունք չունի սրտմտելու, երբ Աստված ներում է շնորհում մեղավորներին: Աստված Իր սերը չի բացառում ոչ ոքի:
Հովնան մարգարեն, խոշոր կետ ձկան փորում հայտնված և երեք օր հետո այնտեղից կենդանի դուրս նետված, ծառայեց Փրկչի նախատիպը լինելու, Ով խաչվեց, մահացավ և երրորդ օրը հարություն առավ: Հիսուս նախատում է հրեա ազգին, նրանց համեմատելով նինվեացիների հետ, որոնց քարոզելու համար էր ուղարկվել Հովնան մարգարեն: Նինվեացիները, ապաշխարելով, զսպեցին Աստծո բարկությունը և արժանացան Նրա ողորմածությանը: «Եվ ահա Հովնանից ավելի մեծ մեկը կա այստեղ» (Մատթեոս 12:41, Ղուկաս 11:32),- ասում է Հիսուս Քրիստոս՝ նկատի ունենալով հենց Իրեն: Նինվեացիները լսեցին ծառային և ուղղեցին իրենց ուղիները, իսկ հրեաները, լսելով Տիրոջը, ոչ միայն չուղղվեցին, այլ անգամ սպանեցին Նրան: Երանելի սուրբն ասում է, թե ի՞նչ պետք է խորհենք Հովնանի մասին, ով, ինչպես ասվում է երեք օր մնաց կետի փորում: Հեթանոսների ծաղրանքի մշտական աղբյուրն է Հովնան մարգարեի մեծ ձկան փորում գտնվելու փաստը, ինչը նրանք համարում են անհավանական և անհավատալի: Այս ամենին պետք է պատասխանել. «Կամ ընդհանրապես չպետք է հավատալ աստվածային հրաշքներին, կամ էլ անհասկանալի է, ինչո՞ւ չհավատալ և այս հրաշքին: Այս դեպքում չպետք է հավատանք հենց Իրեն՝ Քրիստոսին, Ով հարություն առավ երրորդ օրը»:
Ս. Կյուրեղ Երուսաղեմացին նկատում է, որ քննելով Հովնանի պատմությունը՝ հետևյալ զգալի նմանություններին ենք հանդիպում: Հիսուս ուղարկվեց քարոզելու ապաշխարություն, և Հովնանը նույն նպատակով ևս ուղարկվեց: Բայց նա փախավ, չկանխատեսելով ապագան, իսկ Հիսուս հոժարակամ եկավ քարոզելու փրկարար ապաշխարություն:
Իսկ եկեղեցու հայրերից Տերտուղիանոսը, սույն հատվածը մեկնելով, ասում է.«Մի՞թե Հովնան մարգարեն հաշվի չէր առել, որ հեթանոս նինվեացիները ևս կարիք ունեին ապաշխարության, երբ փորձում էր փախչել քարոզչի իր պարտականությունից, կամ էլ նախատեսում էր, որ աստվածային գթասրտությունը նրանց վրա էլ կտարածվի, բայց մարգարեն ամեն դեպքում վախենում էր, որ իր քարոզն այնտեղ կկորչի: Եվ ինչո՞ւ Աստծուն չհավատացող և խավարի մեջ ընկղմված ժողովրդի պատճառով քիչ էր մնում, որ մարգարեն մահանար: Եվ այս ամենն այն պատճառով էր, որպեսզի Հովնանն օրինակ ծառայի նրան, թե Աստծո չարչարանքները քավում են անգամ զղջացող հեթանոսների մեղքերը»:
Մեկ ուրիշ մեկնիչի խոսքը, որպես վերջաբան ընդունելով, խորհենք այս մասին. «Վերջապես, բնական օրենքները, որոնց համաձայն մանկան կյանքը պահպանվում է մոր որովայնում, իր էությամբ մեզ համար ոչ պակաս անըմբռնելի և հրաշալի են, քան Հովնան մարգարեի կետի փորում մնալը: Եթե Արարիչը ստեղծել է այսպիսի օրենքներ, որոնցով մեկ էակի կյանքը պահպանվում է ուրիշի որովայնում ողջ ամիսներ, ապա մի՞թե Նրա իշխանության մեջ չէ այդ օրենքներն այնպես կարգավորել, որ մարդկային կյանքը երեք օրով պահպանվի ձկան փորում ևս։
Աղբյուր` surbzoravor.am

#աուդիոգիրք #խրատ #հովնան #մարգարե #քարոզ

Комментарии

Информация по комментариям в разработке