Խոսնակ՝ Տեր Մարկոս քահանա Մանգասարյան։
Մայր Աթոռի սոցիալական ծառայության տնօրեն։
«Ով որ Ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար լավ կլինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախվի, և նա սուզվի ծովի խորքը: Վա՜յ աշխարհին`գայթակղությունների պատճառով. գայթակղություններ պետք է որ գան, բայց վա~յ այն մարդուն, որի միջոցով կգա գայթակղությունը» (Մատթ. 18.6-7):
Իսկ ինչի՞ համար է Տերն այսօր մեզ խոսում գայթակղության մասին: Որովհետև այն շատ հին պատմություն ունի, դեռևս Ադամի դրախտի արմատներից է գալիս գայթակղությունը: Տերը մշտապես ցանկանում է, որ արարածներն Իր հետ լինեն, բայց դրա համար անհրաժեշտ է Տիրոջ պատվիրանները պահել, Տիրոջ խոսքը կատարել, որպեսզի մենք Տիրոջ հետ լինենք միշտ: Իսկ չարը մշտապես բարուն հակառակն է ցանկանում, չարը՝ սատանան, դևերը կամենում են, որ մենք պատվիրանը խախտելով կտրվենք Տիրոջ ողորմությունից, առանձնանանք Տիրոջից: Եվ ահա, ճիշտ այդպիսի մի գայթակղություն հարուցեց սատանան կամ օձը մեր նախահայր Ադամի և Եվայի դեմ: Տերը կամենալով միավորվել Իր արարածների հետ, մի փոքրիկ պատվիրան տվեց Ադամին՝ ասելով. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի կերեք» (Ծննդ. 2.16-17): Եվ սրան դեմ սատանան ամեն կերպ փորձեց Ադամին և Եվային գայթակղեցնել իր չար խոսքերով և գցեց պատվիրանազանցության մեջ: Նրանք Տիրոջ պատվիրանը չպահելով՝ կերան արգելված պտղից և վտարվեցին դրախտից: Քրիստոսի խոսքը ճիշտ այս օրինակի համար էր, այսինքն՝ անհնար է, որ գայթակղություն չգա, անհնար է, որ բարու և չարի պայքար չլինի, անհնար է, որ սատանան ձեզ չփորձի, բայց դուք հաստատուն եղեք: Եվ վա՜յ նրան, ով կգայթակղեցնի փոքրիկներից մեկին, որովհետև օձի պատժին կարժանանա, որովհետև օձը պատիժ ստացավ՝ գետնի վրա սողալ և հող ուտել: Եվ այսօր ևս ով քրիստոնյաներին, ով հավատքի մեջ տկար եղող այս փոքրիկներին գայթակղեցնի, օձի պատիժը կկրի:
Գայթակղությունները կարելի է 3 մասի բաժանել.
1. Խորհուրդների միջոցով եկող գայթակղություններ,
2. Խոսքերի միջոցով եկող գայթակղություններ,
3. Գործերի միջոցով եկող գայթակղություններ:
Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ ինչպես Ադամն ու Եվան չարի ու բարու գիտության ծառի միջոցով փորձվեցին, այնպես էլ մենք, յուրաքանչյուր քրիստոնյա այսօր փորձվում է, գայթակղության փորձությանն է ենթարկվում: Իսկ ի՞նչ է արգելված ծառը, չարի ու բարու գիտության ծառը: Ս. Գրիգոր Տաթևացին ասում է, որ դա մեր միտքն է, որի վրա կախված են բարի ու չար պտուղներ, իսկ խրատատու օձը սատանան է, դևը, որ մեր մտքի միջոցով մշտապես ուզում է մեզ խափանել, գայթակղեցնել, մեղքի մեջ գցել: Եվ ինչպես այն ժամանակ, երբ Ադամն ու Եվան լսեցին օձին և մեղք գործեցին, պատվիրանազանց եղան, այնպես էլ այսօր, եթե մենք մեր չար խորհուրդներին հետևենք, բարի խորհուրդներից ետ կանգնենք, ապա լսելու ենք դևի թելադրանքը և պատվիրանազանց ենք լինելու, մեղք ենք գործելու, որովհետև յուրաքանչյուր մարդու աջ կողմում իր պահապան հրեշտակն է, որ մշտապես բարին է սերմանում իր սրտի, իր մտքի մեջ: Իսկ ձախ կողմում դևն է, չարը, որ մշտապես չարն է սերմանում: Եվ ահա, այս է ծառը բարու և չարի գիտության, և քանի որ այն ծառն էլ իմաստության ծառ էր, ապա մենք իմաստությամբ պետք է մերժենք չարը, այսինքն՝ պետք է մերժենք սատանային, որ մեր ձախ կողմում է, և լսենք բարի հրեշտակին, որ մեր աջ կողմում է: Եվ այսպիսով հաղթահարած կլինենք մտքի գայթակղությունը և այս մի աստիճանում հաղթանակ կտոնենք: Այս մասին մի փոքրիկ պատմություն ներկայացնենք:
Մի վանահայր և մի աշակերտ սովորություն ունեին, որ մշտապես քնելուց առաջ պետք է Ավետարանը ընթերցեին և նոր քնեին: Ծեր վանահայրը ննջում է և չի կարողանում Ավետարանը լսել, ինչպես նաև իր աշակերտին օրհնել, որովհետև նա առանց օրհնության քնելու իրավունք չուներ: Աշակերտը սկսում է մտածել, իր ձախ կողմի հրեշտակը սկսում է խորհուրդներ սերմանել իր մեջ՝ ասելով. «Գնա քնիր, ծեր է վանահայրը, դու էլ հոգնած ես: Վաղը կօրհնի քեզ»: Բայց աշակերտը հիշում է իրենց սովորությունը՝ ասելով. «Ոչ, ես առանց օրհնության չեմ կարող քնել, ես անպայման պետք է օրհնություն ստանամ»: Հինգ անգամ այդպիսի խորհուրդներ են գալիս, որպեսզի նա քնի, սակայն հինգ անգամ նա հաղթահարում է այդ խորհուրները՝ ասելով. «Առանց օրհնության չեմ քնելու»: Եվ կեսգիշերին վանահայրը արթնանում է և ասում. «Որդյակ, ի՞նչու ես նստել, գնա քնիր»: Նա ասում է. «Հայր սուրբ, օրհնիր ինձ, որպեսզի գնամ»: Եվ վանահայրը օրհնում է աշակերտին, և նա գնում է քնելու: Իսկ այդ գիշեր վանահայրը տեսիլք է տեսնում, ինչպես երկինքը բացվում է, երկնքում մի գահ է դրվում և այդ գահին բազմում է իր աշակերտը: Եվ հրեշտակները երկնքից հինգ լուսե պսակներ են իջեցնում իր աշակերտի գլխին: Եվ հրեշտակը ասում է. «Քո աշակերտն այս գիշեր ստացավ այդ պսակները իր մտքի խորհուրդների հաղթանակած պայքարի համար»: Ուրեմն, ճիշտ այսպես, երբ մենք տեսնում ենք, որ բարի առիթ է, բարի խորհուրդ է մեր մտքում, մեր սրտում ծնվել, ապա պետք է կատարենք այդ բարիքը և չար խորհուրդները մերժենք մեզանից:
Տեր Միքայել վարդապետ Գևորգյան
#տերմարկոս #քահանա #հայկին #հումոր #ցինիզմ #լիլի #մորտո #լիլիմորտո #կլուբ #termarkos #qahan #haykin #humor #cinizm #cinik #lili #morto #womenclub #womensclub #club #tv #socialmedia
Информация по комментариям в разработке