Armenak Shah-Mouradyan - Hov areq, sarer jan, version 1 (Armenian folk song)

Описание к видео Armenak Shah-Mouradyan - Hov areq, sarer jan, version 1 (Armenian folk song)

Հայ ժողովրդական «Հով արեք, սարեր ջան» երգն է՝ Արմենակ Շահմուրադյանի (1878 - 1939) կատարմամբ: Մշակումը՝ Կոմիտասի:
Այս սկավառակը, ամենայն հավանականությամբ, ձայնագրվել է ԱՄՆ-ի «Կոմլումբիա» ստուդիայում, 1919 թվականին, ապա թողարկվել Անգլիայում՝ 1926 թվականին։
Արմենակ Շահմուրադյանը ծնվել է 1878 թվականին Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքում։ Նա հայոց նորագույն պատմության մեծագույն երգիչներից էր և համարվում էր իր ուսուցիչ Կոմիտասի ստեղծագործությունների մեծագույն մեկնաբանը: Արմենակ Շահմուրադյանին ժամանակակիցներն անվանում էին «Հայկական Կարուզո» և «Տարոնի սոխակ»։ Ծնված լինելով Հայաստանում, նա Փարիզի Գրանդ օպերայի մենակատար էր (տենոր)։ Համերգային շրջագայություններով եղել է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև բազմաթիվ այլ երկրներում։ Միացյալ Նահանգների՝ վաղ շրջանի հայ գաղթականության մեծ մասը տանն ուներ նվագարկիչներ և հայկական երգերի ձայնագրություններ, որոնց շարքում պարտադիր կային Արմենակ Շահմուրադյանի կատարումները, որին անվանում էին «Հայաստանի ձայնը», և որին նվիրված բանաստեղծություն ունի Վիլյամ Սարոյանը։

Հայոց ցեղասպանության տարիներին Արմենակ Շահ-Մուրադյանը սկսեց շրջել աշխարհով մեկ՝ ելույթ ունենալով ժամանակի հայ օպերային այլ աստղերի հետ, ինչպես, օրինակ, Զաբել Փանոսյանի։ Մինչ Օսմանյան Թուրքիայում մոլեգնում էին հայոց կոտորածները, 1917-ին և 1918-ի սկզբին Շահ-Մուրադյանը ելույթներ էր ունենում ԱՄՆ-ում, Եվրոպայում և նույնիսկ Բաղդադում, Թեհրանում և Կալկաթայում: Այդ ընթացքում նաև Նյու Յորքում թվով 16 հայ ժողովրդական, հոգևոր և հայրենասիրական թեմայով երգեր ձայնագրեց: Այս ձայնագրությունների սկավառակները հետագայում բազմիցս վերաթողարկվեցին՝ դառնալով հատկապես ամերիկահայության կյանքի անբաժան մասը։

1930 թվականին Արմենակ Շահմուրադյանը վերադարձավ Փարիզ՝ այցելելու իր Մեծ ուսուցչին՝ Կոմիտասին։ Երբ նա, սրտի մեծ թրթիռով, մոտեցավ Կոմիտասի հիվանդասենյակին, ուղեկցող բժշկի խորհրդով երգեց «Հայաստան, երկիր դրախտավայր» երգը, որի առաջին քառատողն իսկ մոգական ազդեցություն ունեցավ Կոմիտասի վրա։ Նա ճանաչեց իր սիրելի աշակերտին, վեր կացավ անկողնուց, ձեռքերը տարածեց գրկելու համար և բացականչեց՝ «Արմենա՜կս»… Այդքանը միայն։ Կոմիտասն այլևս ո՛չ ճանաչեց, ո՛չ հիշեց և ո՛չ էլ պատասխանեց Շահմուրադյանի հարցերին։
Իր երբեմնի կենսուրախ ու առույգ, պաշտելի ուսուցչի այդպիսի անհաղորդ ու հյուծված վիճակը հոգեկան մեծ ցնցում պատճառեց Արմենակին, որի վերջին կաթիլը եղավ Կոմիտասի մահը 1935-ին։ Դրանից հետո ինքը ևս ընկավ հոգեկան անհավասարակշիռ վիճակի մեջ և մահկանացուն կնքեց նույն հիվանդանոցում 1939 թվականին։

***

Այս երգում մարդը՝ դառնացած աշխարհի անարդարություններից, մարդկային հարաբերություններում առկա անազնվությունից, ուրիշ ելք չի գտնում իր հոգին մխիթարելու, քան դիմելը մանկուց հարազատ հայրենի բնությանը: Երգի առաջին հատվածում նա դիմում է սարերին և խնդրում, որ ինչպես նրանք ստվեր գցելով՝ հով են անում դաշտերի վրա, այնպես էլ իր՝ տառապանքից այրվող սիրտը հովացնեն: Սակայն սարերի հովն ի զորու չէ մարդկանց վատ վերաբերմունքից առաջացած հոգեկան ապրումները մեղմել ու սիրտը հովացնել և այդպես էլ չեն կարողանում իր դարդին դարման անել, միջոց գտնել:
Սարերից հույսը կտրած մարդը երգի երկրորդ հատվածում օգնության է կանչում ամպերին, որ մի քիչ զով անեն, վարար անձրև թափեն, որի ջրերը գետնի վրա ծովանալով քշեն – տանեն, հողի տակով անեն վատ մարդու օր ու արևը: Սակայն ամպերը ևս չեն կարող իր սիրտը հովացնել: Եւ երգի վերջին քառատողում տառապող մարդը կանչում է սարերին, ձորերին, դաշտ ու ջրերին, թե՝ մի վեր կացեք, տեսեք, թե իր սիրտն ինչ ցավեր են պատել: Կարծես մարդը վստահ է, որ իր նման մարդն անտարբեր է մնալու իր ցավերի հանդեպ և ուրիշ մարդու չի կանչում՝ սիրտը նրա առջև բացելու համար, այլ դարձյալ փորձում է իր մխիթարանքը գտնել մայր բնության գրկում:
Երգի խոսքերը՝

Հով արեք, սարեր ջան, հով արեք,
Իմ դարդին դարման արեք։
Սարերը հով չեն անում,
Իմ դարդին դարման անում։

Ամպեր, ամպեր, մի քիչ զով արեք,
Վարար անձրև թափեք, ծով արեք,
Գեշ մարդու օր-արևը
Սև հողի տակով արեք:

Հով արեք, ամպեր ջան, հով արեք,
Իմ դարդին դարման արեք։
Ամպերը հով չեն անում,
Իմ դարդին դարման անում։

Սարեր, ձորեր, դաշտեր ու ջրեր,
Մարմանդ-մարմանդ վազող աղբյուրներ,
Մի վեր կացեք, իմացեք,
Տեսեք իմ սրտի ցավեր:

Комментарии

Информация по комментариям в разработке