Պատարագիչ` Հոգեշնորհ Տ Միքայել վարդապետ Գևորգյան։
Սրբոցն Յովհաննու Երուսաղեմայ հայրապետին եւ հայրապետին մերոյ Յովհաննու Օձնեցւոյն եւ վարդապետացն մերոց Յովհաննու Որոտնեցւոյն եւ Գրիգորի Տաթեւացւոյն
Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՕՁՆԵՑԻ (+728)
Հովհաննես Օձնեցին, որը քաջ և ազնվազարմ տոհմի շառավիղ էր, ծնվել է Տաշիրք գավառի Օձուն գյուղում: Պատանեկան տարիքում նա աշակերտել է ճգնակյաց վարդապետ Թեոդորոս Քռթենավորին: Հետագայում ձեռնադրվել է քահանա և, ինչպես վկայում է նրա վարքագիրը, «իր ժիր ու մաքուր քահանայագործությամբ Աստծուն հաշտեցնում էր մարդկանց հետ»:
717 թ., երբ Հայաստանը գտնվում էր արաբական տիրապետության տակ, ս. Հովհաննես Օձնեցին դառնում է հայոց կաթողիկոս և սկսում ամենուրեք քարոզել ճշմարիտ հավատը: Հայտնի է, որ տոների ժամանակ նա ժողովրդին ներկայանում էր շքեղ հանդերձներով, իսկ փարթամ, ալեխառն մորուքն օծում էր ոսկեփոշի խառնած վարդաջրով: Այնպես որ նույնիսկ արաբները երանի էին տալիս հայերին՝ նման առաջնորդ ունենալու համար: Ս. Հովհաննեսի համբավը հասնում է նաև խալիֆային, որը նրան հրավիրում է իր պալատը. խալիֆային հետաքրքրում էր, թե ինչն է պատճառը, որ հայոց հայրապետը շրջում է այդպիսի տեսքով՝ ի տարբերություն Քրիստոսի և Նրա աշակերտների: Այդ հարցին սուրբն այսպես է պատասխանում. ինքը չունի այն զորությունները, որոնցով օժտված էին նրանք, դրա համար էլ մարդկանց պատկառելի տեսքով է ներկայանում: Եվ ցույց է տալիս իր խարազանագործ շապիկը, որոնք նա կրում էր անմիջապես մերկ մարմնի վրա: Այդ տեսնելով՝ խալիֆան համակվում է մեծ ակնածանքով ու խոնարհվելով նրա առջև՝ խնդրում սրբի օրհնությունը:
Իր հայրապետության օրոք ս. Հովհաննես Օձնեցին Դվին և Մանազկերտ քաղաքներում հրավիրել է եկեղեցական ժողովներ, որոնք քննարկել են կարևոր դավանական և այլ խնդիրներ: Նա գրել է հայոց առաջին Կանոնագիրքը, ինչպես նաև ճառեր, շարականներ, դավանաբանական, պաշտամունքային, ծիսական երկեր: Նրան իրավամբ կոչում են նաև Հովհաննես Իմաստասեր:
Կյանքի վերջին տարում, հայրապետական աթոռը հանձնելով ուրիշին, նա առանձնանում է ծննդավայրից ոչ հեռու գտնվող մի անապատում, որտեղ մինչև խոր ծերություն ապրում է ճգնության մեջ:
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386)
Հայ մեծ աստվածաբան, փիլիսոփա և ուսուցչապետ ս. Հովհան Որոտնեցին՝ Սյունյաց մեծ իշխան Իվանե Օրբելյանի որդին, ծնվել է Որոտան գավառում: Ուսանել է Գլաձորի համալսարանում, այնուհետև իր ուսուցիչների մահից հետո փոխադրվել Որոտնավանք:
Իր ծավալուն գործունեության ընթացքում Որոտնեցին հիմնադրել է Տաթևի համալսարանը և Ապրակունիսի բարձրագույն վանական դպրոցը: Պայքարել է Հայ Եկեղեցու ազգային և դավանական ինքնուրույնության համար: Հեղինակել է բազմաթիվ փիլիսոփայական երկեր, ճառեր, քարոզներ ու մեկնություններ, որոնց մեծ մասը նրա մահից հետո խմբագրել, բազմացրել և այդպիսով կորստից փրկել է Որոտնեցու մեծ աշակերտը՝ ս. Գրիգոր Տաթևացին:
Ս. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ (1346-1409)
Հայ Եկեղեցու այս մեծահռչակ, տիեզերալույս վարդապետը ծնվել է պատմական Հայաստանի Սյունյաց նահանգի Վայոց ձոր գավառում: Նրա բարեպաշտ ծնողները, որոնք կորցրել էին իրենց բոլոր մանկահասակ որդիներին, անդադար աղոթելով՝ Տիրոջից զավակ էին հայցում՝ դիմելով ս. Գրիգոր Լուսավորչի բարեխոսությանը: Եվ երբ երեխան աշխարհ եկավ, մկրտության ժամանակ նրա անունը դրեցին Գրիգորիոս: 7 տարեկանում Գրիգորին ուսման տվեցին, և շուտով նա այնքան հմտացավ Սուրբ Գրքի գիտության մեջ, որ պատասխանում էր անգամ վարդապետների հարցերին: Այնուհետև նա կրթությունը շարունակեց Տաթևի վանքում՝ աշակերտելով սուրբ վարդապետ Հովհան Որոտնեցուն:
1371 թ. Գրիգորն իր ուսուցչի հետ ուխտագնացություն կատարեց Երուսաղեմ: Այնտեղ նա ստացավ կուսակրոն քահանայի աստիճան, իսկ իրենց վանքը վերադառնալու ճանապարհին Որոտնեցին նրան հանձնեց վարդապետական գավազան: 1380 թ. նրանք տեղափոխվեցին Ապրակունյաց վանք: Իսկ 1388-ին, իր ուսուցչի մահից հետո, նրա իսկ օրհնությամբ և բոլորի հավանությամբ Գրիգորը դարձավ այդ վանքի առաջնորդը: 2 տարի անց իր մեծաթիվ աշակերտների հետ նա վերադարձավ Տաթևի վանք: Շարունակ աղոթքով Տիրոջ հետ լինելով՝ ս. Գրիգոր Տաթևացին արեգակի պես լուսավորում էր Հայ Եկեղեցին: Նրա մոտ էին գալիս հույն և հռոմեացի ճարտասաններ՝ ունկնդրելու նրա խոսքը, որ փայլում էր կատարյալ իմաստությամբ և գիտությամբ: Նրան իրավամբ կոչում էին երկրորդ Հովհան Ոսկեբերան և Գրիգոր Աստվածաբան:
Անհավատներից ոչ ոք չէր հանդգնում վնասել նրան, որովհետև հայտնապես տեսնում էին այն հրաշքները, որ Աստված կատարում էր Իր հավատարիմ ծառայի միջոցով: Ձեռքը հիվանդների գլխին դնելով, Ավետարանի ընթերցմամբ և Հիսուսի անվան զորությամբ ս. Գրիգորն անմիջապես փարատում էր ցավերը և հալածում դևերին. քանզի նա կենդանի նահատակ էր՝ առաքինի, սրբակյաց և հույժ պահեցող, շարունակ կրում էր մազեղեն հագուստ և պարանե գոտի:
Վախճանվելուց առաջ, մահվան մերձենալը զգալով, նա պատարագ մատուցեց, օրհնեց իր աշակերտներին և գոհանալով Աստծուց՝ խաղաղությամբ ավանդեց հոգին:
Տաթևացու գրավոր ժառանգությամբ առ այսօր ուսանում և քարոզում են Հայ Եկեղեցու վարդապետները: Նրա բազմաթիվ գրքերից պահպանվել են «Գիրք հարցմանցը», «Ոսկեփորիկը», «Ամառան» և «Ձմեռան» կոչվող նշանավոր քարոզգրքերը, բազմաթիվ մեկնություններ ու այլ աշխատություններ, ինչպես նաև նրա կողմից նկարազարդված երկու Ավետարանները:
Շուշան Վարդանյան
Информация по комментариям в разработке