"Sasna tsrer" - Hoy Nar, Nar (Armenian folk song)

Описание к видео "Sasna tsrer" - Hoy Nar, Nar (Armenian folk song)

Հայ ժողովրդական «Հոյ Նար, Նար» պարերգն է՝ «Սասնա ծռեր» անսամբլի կատարմամբ։
Պատմական գիտությունների դոկտոր, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Սարգիս Պետրոսյանը նշում է, որ ընդհանրապես, այն երգերը, որոնք ունեն «Հոյ նար», «Հոյ նարե», «Ախ, նի նար», «Հանի նի նար» և նման այլ կրկներգեր, ամենայն հավանականությամբ եղել են ջրային տարերքի դիցուհուն նվիրված ծիսական պաշտամունքային երգեր, որոնց կատարմամբ փառաբանել են նրան և խնդրել, որ կենարար ջուրը չնվազի իրենց դաշտ ու արտերից: Դրանք հետագայում, երբ բնապաշտական հավատալիքները իրենց տեղը զիջեցին հեթանոսությանը, սա էլ՝ քրիստոնեությանը, կամաց-կամաց սկսեցին ընդունել սիրային բովանդակություն: Այդ երգերի տները երգվում էին հանպատրաստից: Պարերգի ամեն մասնակից կարող էր առօրյայից մի դրվագ երգել՝ հաստատուն պահելով երգի մեղեդին, սակայն կրկներգերը, որոնցում հնչում էին այդ «հոյ Նար», «հանի նի Նար» և այլ նման բառերը, ոչ ոք խախտելու իրավունք չուներ: Դա համարվում էր բուն երգը, որն էլ արդեն մեզ հուշում է, թե ում են նվիրված եղել դրանք ամենանախնական շրջանում: Նարը եղել է կա՛մ ջրային տարերքի դիցուհու անունը, կամ նրա անվան մակդիրը: Իսկ «հոյ»-ը հոյակապ բառի արմատն է, որ պահպանվել է, օրինակ, հոյակերտ բառում:
Այժմ տեսնենք, թե ինչ է այս երգի բովանդակությունը: Սա սիրահար տղայի ու աղջկա երկխոսություն է: Նախ հանդես է գալիս տղան, որը հայտնում է, թե գոտիկ չունի, բայց խնդրում է աղջկան՝ իր շուրթերին մոտեցնել այտը, որպեսզի համբուրի: Գուցե այսօր շատերիս տարօրինակ թվա, թե ինչու է նա շեշտում գոտիկ չունենալու հանգամանքը: Սակայն սա անիմաստ խոսք չէ. հնում գոտի կապելը համարվել է իշխանության նշան: Եվ որքան լայն էր գոտին, այնքան մեծ իշխանության տեր էր այն կրողը: Հայտնելով, որ գոտի չունի, տղան պարզապես աղջկան խոստովանում է, որ չի սերում որևէ ազնվական ընտանիքից, հասարակ մեկն է, որը պարզապես սիրում է նրան: Ապա աղջկան հրավիրում է սայլը նստել և միասին սարերը գնալ, որտեղ գուցե նրա քողտիկն է կանգնած: Այդպիսով նա չուզողի՝ վատը կամեցողի աչքը կհանի:
Երգի հաջորդ հատվածում նրան պատասխանում է աղջիկը, տալով իր համաձայնությունը: Նրա համար կարևոր չէ ազնվականի տիտղոսը, այլ նրան գերել են տղայի ազնիվ բնավորությունն ու գեղեցիկ ներաշխարհը: Եվ խնդրում է՝ սայլը հենց իրենց գյուղի միջով քշել, որպեսզի իրենց գյուղացիներից նրանք, ովքեր չարակամ էին և բամբասանքով ու չարախոսությամբ ձգտում էին խանգարել իրենց միությանը, իրենց տեսնեն միասին և սրտները մրմռա:
Այնուհետև միասին դիմում են լուսնին, որ միշտ լույս անի իրենց ճամփին, քանի որ այս տարի կատարվում է բարին: Այստեղ թեև հարսանյաց արարողության հիշատակություն չկա, բայց ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ հնում հայոց շատ գավառներում գիշերն էին հարսին տանում եկեղեցի զվարթ երգերի ուղեկցությամբ, և հարսանեկան թափորի մասնակիցները ձեռքներին պահում էին դեղին մոմեր՝ հմայիչ շուք հաղորդելով այդ հանդիսավոր երթին:
երգի վերջում հիշատակվող Մարութա լեռան անունը և նրա շուրջ կանգնեցված խաչքարերը մեզ հուշում են, որ այս երգը, հավանաբար, ավանդված է Սասուն գավառից:
Armenian folk song "Hoy Nar, Nar" performing "Sasna Tsrer" ensemble.
Երգի խոսքերը՝

Այ աղջիկ, գոտիկ չունեմ,
Հոյ նար նար, հոյ նար, նար,
Թուշըդ դեմ արա, պաչեմ,
Հոյ նար նար, հոյ նար, նար:
Արի, սելով սար տանեմ,
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,
Չուզողի աչքը հանեմ,
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար:

Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,
Հոյ նար նար, հոյ նար, նար:

Սար կը տանես, այ տըղա,
Հոյ նար նար, հոյ նար, նար,
Հետըդ ինձ տուն կը տանես,
Հոյ նար նար, հոյ նար, նար:
Մեր գեղի միջով տանես,
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,
Չուզողի աչքը հանես,
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար:

Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,
Հոյ նար նար, հոյ նար, նար:

Լուսնակ, լուսըդ մի մարի,
Հոյ նար նար, հոյ նար, նար,
Էս տարի կըլնի բարին,
Հոյ նար նար, հոյ նար, նար,
Խաչքարեր սուրբ Մարութի,
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,
Սըրտիս ուզած կատարի,
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար:

Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,
Հոյ նար նար, հոյ նար, նար:

Комментарии

Информация по комментариям в разработке