"Karin" folk ensemble - Kanu yaylan blel e (Armenian folk song)

Описание к видео "Karin" folk ensemble - Kanu yaylan blel e (Armenian folk song)

Հայ ժողովրդական «Կանու յայլան բլել է» պարերգն է՝ «Կարին» անսամբլի կատարմամբ։ Մենակատար՝ Լուսինե Նազարյան: Երգը ավանդվել է Կարնո (Էրզրում) շրջանի հայությունից․ Կանը Կարինի մերձակա գյուղերից էր։
Երգի առաջին հատվածից հասկանալի է դառնում, որ Կանի արոտավայրում հավանաբար սողանքից փլուզում է եղել, իսկ այնտեղ՝ բաց երկնքի տակ, քնած էր երգող աղջիկներից մեկի յարը, որին նա ձայն է տալիս, բայց պատասխան չի ստանում: Այնուհետև աղջիկը խնդրում է կռունկին, որ թռչի այդ տարածքի վրայով: Եթե նկատի ունենանք, որ կռունկը հայ բանահյուսության մեջ մարմնավորում է հարազատից լուր բերողի, ինչպես հաճախ հանդիպում ենք պանդխտության երգերում, ապա հասկանում ենք, թե ինչու է աղջիկը նրան դիմում, որ թռչի յայլայի վերևում, փնտրի իր կորած յարին և լուր տա, թե որտեղ է մնացել նա այդ փլուզումից հետո: Հետո աղջիկը երգում է, որ կտրվել են իր սազի թելերը՝ լարերը: Հավանաբար նկատի ունի այն, որ յարի կորստի պատճառով ինքն այլևս չի կարող ուրախ-զվարթ երգել: Եվ դարձյալ աղջիկը դիմում է կռունկին՝ ակնկալելով, որ լավ լուր կլսի և կկապի սազի թելերը, այսինքն՝ կսկսի երգել և ուրախ պարել: Ապա կարծես երգին միանում է մի ուրիշ աղջիկ, որն ափսոսանք ու զարմանք է հայտնում, թե՝ «աշխարհքիս բանին նայե. ես սիրեցի, ուրիշն ամուսնացավ իմ յարի հետ»: Հետո երգում է մի տղա, որն ընկերներին պատմում է, որ աղջիկը, որի հետ ինքը նոր է մտերմացել, դեռ մեկ համբույր էլ չտված՝ իրենից մարգարիտ ու անգին քար է ուզում: Չշտապենք այս աղջկան մեղադրել նյութապաշտության մեջ: Աղջիկը սիրած տղային համբույր կտար, եթե վստահ լիներ, որ իր հետ ամուսնանալու է, և եթե մարդիկ իմանան իրենց մտերմության և համբույրի մասին, հոգ չէ, քանի որ տղան ամուսնանալու է իր հետ: Իսկ տղան, եթե իսկապես սիրում է աղջկան և երազում է ընտանիք կազմել նրա հետ, անպայման թանկարժեք զարդ կնվիրի, չի խնայի: Չէ՞ որ իրենք ամուսնանալու են, և զարդը պատկանելու է իրենց՝ միշտ հիշեցնելով առաջին համբույրի մասին:
Պարերգին, ինչպես երևում է խոսքերից, մասնակցում է նաև նոր ամուսնացած մի ջահել հարս, ում դիմում են ընկերուհիները՝ ասելով, որ աղա մարդու հարս է դարձել: Նորահարսն էլ իր հերթին հաստատում է՝ երկրորդելով այս խոսքը, թե, այո՛, իր ամուսինն իսկապես աղա մարդ է: Մեկ ուրիշը, որ հավանաբար պանդխտության գնացող տղա է, տխուր սրտով լրացնում է պարերգի խոսքերը՝ մտահոգություն հայտնելով, որ կնշանվի կգնա իր յարը՝ չսպասելով իր վերադարձին: Ահա այսպես, ամեն մեկն իր զգացմունքներն ու մտահոգություններն է արտահայտում՝ կատարելով «Կանու յայլան բլել է» պարերգը:
Հոլովակում՝ պոլսեցի հայուհու դիմանկար՝ ըստ բրիտանացի օրիենտալիստ նկարիչ Վիլյամ Փեյջի (1794 - 1872 )։
Armenian folk song "Kanu yaylan blel e". Performs "Karin" folk ensemble.
Երգի խոսքերը՝

Կանու յայլան բլել է,
Յարըս մեջը քընել է,
Ձէն կուտամ, ձէն չի հանե,
Մըկա ինձ էլ չորել է:

Կըռունկ, հո՛պ տուր ու թըռի,
Կըռունկ, ծա՛փ տուր ու թըռի:

Կըռունկն ընկավ կալերը,
Կըռունկ, հո՛պ տուր ու թըռի,
Կըտրավ սազիս թելերը,
Կըռունկ, ծա՛փ տուր ու թըռի:

Կամաց քըշեք սէլերը,
Կըռունկ, հո՛պ տուր ու թըռի,
Կապեմ սազիս թելերը,
Կըռունկ, ծա՛փ տուր ու թըռի:

Ջաղացիս քարին նայե,
Իմ սիրած յարին նայե,
Ես սիրեմ՝ խալխը տանե,
Աշխարհքիս բանին նայե:

Աղջիկն էկել բար կ’ուզե,
Մարգարիտե շար կ’ուզե,
Հըլը պագ մը չըտված՝
Ինձէն անգին քար կ’ուզե:

Աղամանից աղ առար,
Աղա մարդու հարս դառար,
Աղամանից աղ առա,
Աղա մարդու հարս դառա:

Նըշանվի կ’էրթա յարըս,
Չի մընա հարի գալըս:
Նըշանվի կ’էրթա յարըս,
Չի մընա հարի գալըս:

Կարմիր գինին ջամով է,
Պըստիկ աղջիկ համով է,
Երկան արտը գարի է,
Նշանվելու տարի է:

Էլա սարը, սար տեսա,
Իջա ձորը, լոր տեսա,
Էլա սարը, սար տեսա,
Իջա ձորը, լոր տեսա։



յայլա - արոտավայր
հարի - մինչև

Комментарии

Информация по комментариям в разработке