Սանահինի հոյակերտ վանական համալիրը (Sanahin Monastery)

Описание к видео Սանահինի հոյակերտ վանական համալիրը (Sanahin Monastery)

Սանահինի հոյակերտ վանական համալիրը (The magnificent Monastery Complex of Sanahin)
Սանահին վանական համալիրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Ալավերդի համայնքի մաս կազմող Սանահին գյուղում (Լոռու մարզ): Հնում այն մտնում էր Մեծ Հայքի Գուգարք աշխարհի (նահանգի) Տաշիր գավառի մեջ: Ըստ մեկ վարկածի՝ Սանահին անունը ստացել է Հաղպատի վանքի կառուցումից հետո՝ «սա քան զնա հին» իմաստով: Ընդգծենք, որ այս տարածքը դեռևս 4-րդ դարից հայտնի է եղել որպես հոգևոր կարևոր կենտրոն։ Ներկայիս վանքի կառույցների հիմնական խումբը բաղկացած է չորս եկեղեցիներից, գրատուն-մատենադարանից, գավթից, նախագավթից, զանգակատնից, հոգևոր դպրոցի և գրատան սրահներից, դամբարաններից:
Ամենահին եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, կառուցվել է 10-րդ դարի առաջին կեսին՝ Աբաս Ա Բագրատունի թագավորի օրոք։
Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է Աշոտ Ողորմածի և իր կնոջ՝ Խոսրովանույշ թագուհու հովանավորությամբ (966 թ.): Ուշագրավ է եկեղեցու արևելյան ճակատի վերնամասում տեղադրված մի խորաքանդակը՝ Աշոտ Ողորմածի և Խոսրովանույշի որդիների՝ Կյուրիկեի ու Սմբատի պատկերներով:
Սբ. Հակոբ եկեղեցին այժմ կիսավեր վիճակում է և գլխավոր հուշարձանախմբից գտնվում է 70մ հեռավորության վրա: Եկեղեցին կառուցվել է 10-րդ դարի 2-րդ կեսին: Եկեղեցին ավերվել է 1753թ., իսկ քարերի մեծ մասը հետագայում օգտագործվել է 1815թ. Ս. Անենափրկիչ եկեղեցու վերանորոգման աշխատանքների ժամանակ:
Սբ. Գրիգոր եկեղեցին կառուցվել է 1061 թ.-ին՝ Դավիթ Անհողինի դուստր Հրանուշ թագուհու կողմից: Այն կենտրոնագմբեթ փոքրածավալ շինություն է, դրսից կլոր, ներսից քառախորան խաչաձև հատակագծով:
Հայկական միջնադարյան աշխարհիկ շինությունների եզակի նմուշ է վանքի ակադեմիան` Մագիստրոսի ճեմարանը։ Կառուցվել է Xդ. վերջին XIդ. սկզբին՝ Ս.Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիների միջև ընկած տարածքում։ Այն անվանում են Մագիստրոսի ակադեմիա՝ ի պատիվ 10-րդ դարի հայ նշանավոր գիտնական, փիլիսոփա և մանկավարժ Գրիգոր Մագիստրոս Պահլավունու: Այն իրենից ներկայացնում է երկարավուն, ուղղանկյուն մի սրահ: Ներսից պատերին հարող կամարների շնորհիվ ստեղծվում էին խորշեր, որոնք ամենայն հավանականությամբ ծառայում էին որպես նստատեղեր: Ճեմարանում մեծամասամբ դասավանդում էին հումանիտար գիտություններ, սակայն այստեղ գրվում էին քննախոսություններ, ուսուցանում էին փիլիսոփայություն. գեղագրություն և մանրանկարչություն։
Վանքում են գտնվում Կյուրիկյանների, Զաքարյանների և Արղության-Երկայնաբազուկների տոհմական դամբարանները: Հատուկ կարևորություն ունեն աղբյուրների շենքերն ու գեղաքանդակ խաչքարերը:
Վանքի ներսում կան որմնանկարների հետքեր:

Комментарии

Информация по комментариям в разработке